Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՊԱՆՐԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ

ՊԱՆՐԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ
05.11.2010 | 00:00

Չի հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար։

Վահան ՏԵՐՅԱՆ

Այդ ո՞ր պարզամիտն է մեզ ազգերի Դոն Կիխոտը համարել։ Կներեք, էդ մե՞նք ենք հողմաղացների դեմ կռվում։
ՈՒ մինչ ալամ-աշխարհը` Բոտսվանայից Սիդնեյ և Վանկուվերից Թիֆլիս համաշխարհային ճգնաժամի սիմֆոնիան է մղկտում, մենք ազգովին, ձիգ ու առնական զի՜լ զլեցինք մեր քոչարին։ Մենք օվալաձև խորհրդարանական դահլիճ կերտեցինք համաշխարհային, տարածաշրջանային, հանրապետական ճգնաժամի արբունքի պահին։ Օվալաձև խորհուրդ խորին, ուր եփվելու, թխվելու, հանրային գիտակցությանն անվարձահատույց տրամադրվելու են կիսալուսնային-երեսփոխանական մտքեր` օրենքի տեսքով։ Մենք` հայերս, օվալի վրա ծախսեցինք գանձարանի 1 տոկոսը։ Ֆրանսիան ի զորո՞ւ է իր 6 հարյուր միլիարդանոց բյուջեի 1 տոկոսը, այսինքն` 600 մլն դոլարը, ծախսելու իր երկպալատ օրենսդրի հիմնանորոգման վրա, այսինքն` սենատի ուղղանկյուն դահլիճը դարձնել շեղանկյուն, ԱԺ-ի շեղանկյունը` քառակուսի։
Իսկ երբ ճգնաժամը նոր-նոր էր թևեր առել ու լկտիացել, մենք մի նոր, շքեղ ու շեն շինություն կառուցեցինք ու տրամադրեցինք ԱԺ հանձնաժողովների նախագահներին։ Ասացեք, խնդրեմ, Զատկի կղզում կամ Հրո երկրում պատրա՞ստ են նման սխրանքի։ Բնա՛վ։ Ամենևին։ Երբե՛ք։ Զի մենք քարից հաց քամող խալխ ենք։ Դե, ինչ հարգանք կունենա ԱԺ հանձնաժողովի նախագահը, եթե ճեմի նույն գորգուղիով, ինչ շարքային պառլամենտականը (հատկապես ընդդիմադիրը), եթե օգտվի միևնույն սանհանգույցից, նույնական լինեն նրանց գրասեղանները, օգնականների ժպիտը, անձեռոցիկի մակնիշը։
Խորհրդային նշանավոր իմաստուն (համատեղության կարգով` նաև երգիծաբան) Արկադի Ռայկինը մի առիթով ասել է. «Կենտրոնական ունիվերմագի կոշիկների բաժնի ապրանքագետը շրջում է ոնց հասարակ մի ինժեներ։ Ոչ ոք նրան չի ճանաչում, և բոլորը թքած ունեն վրան։ Խայտառակություն է»)։
Իմաստուններին լսել է պետք։ Եվ հետևություններ անել։
Ի դեպ, կիսալուսնաձև-օվալավուն մտքերն արդեն իսկ մատուցվեցին ամենեցուն։ Մասնավորապես, պանրի գինը հավասարվել է կարմիր ձկնկիթի արժեքին, զի շուկայում պանրի հանրային պահանջարկ է առկա։
Նմանապես վաղը, մեկել օրը հացը կհայթայթենք պանրի գնով, միսը` արծաթի, արծաթն էլ, իհարկե, պանրի։ Էնպես որ, Դոն Կիխոտն ով ուզում է թող լինի, մեզնից բացի։ Զի մենք ազգերի Միկիտան Սաքոն ու Գիքորն ենք միաժամանակ։
Անիվը բուն հայկական հայտնագործություն է, զի լեռնաշխարհի հովիտներն ու կիրճերը, սարահարթերն ու լեռնանցքներն ակոսում են եռանիվ մանկական հեծանիվները։ Յուրաքանչյուրի ղեկին մի իշխանապետ։ Ասենք էսպես, մեկի ղեկին գյուղապետ Վալոդիկն է, մյուսին` մարզպետ Զարզանդը, երրորդին` նախարար Սրբուհին։ Շրջում են եռանիվները, ծղրտում-կարկաչում են հեծանիվ սանձողները։ ՈՒ ճանապարհ բռնում դեպի սահմանամերձ գյուղի կենտրոնական աղբյուրը։ Ջրագիծն է գործարկվում` համաշխարհային նշանավոր բանկի ներդրումներով։ Իշխանավորական ավագանին և կառավարական ազատանին աղբյուրի գլխին են։ Ծառայողական շքեղ շարժակազմերի շողափայլ կողերն անդրադարձնում են աթարի ամրոցները, չարքաշ դեզերի ու կիսախարխուլ գոմերի հուսահատ ճիչը։ ՈՒղղված ո՞ւմ, կառավարական-իշխանական զորախմբի՞ն։ Ահա նրանց պատվիրակությունը, մի հիսուն-վաթսուն միավոր իշխանիկ, նույնքան փայլաշող ծառայողական և երկու անգամ ավելի դրանիկ-մանկլավիկ։ Գյուղն էլ ոչ պակաս շենշող է, մի 50-60 տուն։ ՈՒ ջրագծի (կամ պանրի ու կաթնաշոռի 3-5 աշխատակից ունեցող գործարանի) հիմնարկեքը գլխավորում են պատվավոր պատվիրակության վերոնշյալ անդամները։ ՈՒ սեղան է գցվում, որի ծախսը գյուղի բոլոր հոգսերը կփարատեր մի 50-60 տարվա հեռանկարով։ Սեղանի ծախսն էլ, հասկանալի է, ծանրանում է գյուղական սովալլուկ բյուջեի դարդիման ուսերին։ Բայց դարդախորով չլինենք։ Առաջընթացն ակնառու է։ Եթե Չիբուխլու այցելեց մի Կամսարյան ու փափկասուն արարածին վայել հնարամտությամբ օրեր անց ճողոպրեց, ներկա հայկական չիբուխլուներ են այցելում, տեսաք, մի ամբողջ գումարտակով։ Եվ հեռանում են, հետևում թողած բարի մի հուշ ու հիշելի մի անուն։ Զի վարկի տոկոսները ևս բարդվում են գյուղաբնակի ու գյուղապետարանի բազմատանջ պարանոցին։ ՈՒ ներկա գյուղաբնակ մանուկների գիքորաբախտին։

Այո՜, հագեցած ու պարարտ է նորանկախ մեր իշխանիկի առօրյան, նվիրական են ցանկությունները, աննահանջ ներդրումները։ Վարկերը` միջազգային ու ազգամիջյան, ներհոսում են, վարկավորված աղբյուրները կարկաչում, դե, բնական է, ճամփեդ էլ է կանաչում։ ՈՒ մինչ ՀԱԿ-ն ու Հմայակը գալիք հեղաշրջման տեսլականներն են ուրվագծում, ու մինչդեռ ՄԱԿ-ում փորձարկում են հայկական տնտեսական հրաշքի մակընթացություններն ու տեղատվությունները, հանրությունը շտկում է մեջքն ու պատրաստվում հերթական փորձանք-փորձությանը։ Ընտրությունները յոթ սարի հետևում չեն։

Սակայն ինչն է ուշագրավ, եթե կուզեք` խելքամաղ անող։ Էս անաղուհաց աշխարհն էդպես էլ գլխի չի ընկնում, որ մեզնից որքան հեռու, էնքան խախանդ։ Ինչո՞ւ։ Զի մեզ ժամանակին էնքան են սեղմել, որ մեր կամքից անկախ ալմաստ ենք դարձել ու Կիկոսի մահն արտահանում ենք որպես թե նորանկախ մեր գլխավոր ձեռքբերումը, հիմնական հավակնությունը, վերջնական վայրիվերումը։ Վարչապետական հովանին հով արեց պանրին, և վերջինիս գինն անամոթաբար թևեր առավ։

Չէ, շեղվում ենք։ Հուզմունքից է։ Հայոց բազմահազար սեղանները որակազրկվել են, ավելի ստույգ` պանրային շրջափակման մեջ են։ Հացն ու պանիրը, պարզվում է, Թումանյանի մանկության չարքաշ Դսեղում շատ ավելի մատչելի էին ռանչպարին ու հոտաղին, հովվին ու սարկավագին։
Հաց ու պանիրը, այսուհետ, անկանխատեսելի հոգետանջանքի կարող են ենթարկել շարքային հային` բուժակից գիտնական, բանաստեղծից էլ գյուտարար։
Այսպիսով` պանիր չիք։ Հայոց նորանկախ խմբիշխանության (ասել է թե` օլիգարխիայի) և խորհրդարանական տեսաբան-խեղկատակների թաքնախորհուրդ ծրագիրն այլևս գործարկման շրջափուլում է։ Հանկարծ թանկանում է պանիրը։ ՈՒ քանի որ խմբիշխանությունը քիչ վռազկոտ էր, այս անգամ թյուրիմացաբար կաթի գինը թռչկոտեց քիչ ուշացումով։ Դե, հասկանալի է, չի սխալվում նա, ով ոչինչ չի նախաձեռնում։ Հացը, միսը, երշիկն ու մյուս առաջին անհրաժեշտության տեսականին թանկանում են բավական մարմանդ ժամանակացույցով։ Այսպիսով, և՛ ոչխարներն են թամամ, և՛ գայլերն ախորժակից չեն ընկել։ Նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը բարձրանում են հենց այնքանով, որ բավարարեն սպառողական ոգևորիչ ակտիվությունը։ Դե, խմբիշխանություն է, թե ժողովրդավարության աննախադեպ պոռթկում, միևնույն է, հո թույլ չենք տալու մեր սուպեր և մինի վաճառակետերի փթթուն տեսականու տակ կքած դախլերը դառնան թանգարանային ցուցափեղկեր։
Էնպես որ, կրկնակի տխմար ու ստահակ է նաև նա, ով մեզ ազգերի Համլետ է կոչել։ Մենք Միկիտան Սաքո ենք, Գիքոր ու մի քիչ էլ, գուցե թե, Օնասիս, Կորեյկո և այլն։ Ըստ ճաշակի։
Անշուշտ, ակամա, սակայն դաժան հետևողականությամբ խմբիշխանությունը` իր քաղաքական վերնակույտով, տնտեսական խարիսխներով ու սպասարկու հացկատակների ոհմակով անում է ամեն բան, որ ժամանակ անց ՀԱԿ-ի հետևից գնան բոլոր հակաՀԱԿականները։ Ելի՛ր, ում կյանքն անիծել է։ Ելի՛ր, ում զարհուրելի ավյունով սմբակահարում են տրամվայում բռնված գրպանահատի նման։ Այդ ո՞ր խելոքն է ասել, թե ժողովրդին ամբողջ տևական ժամանակ անհնար է հիմարացնել։ Հնարավոր չէ ֆրանսիացիների, ռուսների, թուրքերի, կուբացիների, վրացիների, հրեաների և հույների, խափշիկների ու քրդերի, ասորիների և... և մնացած բոլորի պարագայում։ Հայերիս դեպքում այս սահմանումը (ինչպես և մնացած բոլորը) չի գործում։ Կամ գործում է հակադարձ ուժով։ Մեզ մոլորեցնում են, աչքներիս զորավոր թոզ են փչում, հեռակա կարգով թուղթ ու գիր անում։
Հասարակական սթափությունը, արժանապատվությունն ու բարոյականը երրորդ հանրապետությունում պարսավելի, անցանկալի, ապակողմնորոշող երևույթներ են։
Առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովրդին շարունակ կուռքեր են պարտադրվում։
Էշ նահատակ լինելը մեր իրականությունում համահավասարեցված է Բանկ Օտոմանի գրավմանը։
Ավազակապետություն։ Հնչեց խիստ ու մնաց օդում առկախ։ Ո՞վ կտա ավելին։
Խմբիշխանությանն այսպիսով ձեռք է տալիս այսինչ ապրանքի գինը թռցնել։ Մանկավարժի աշխատավարձի տասնապատիկը ստացող վերահսկիչը տուգանում է զանցառուին նրա գողոնի մեկ հարյուրերորդական մասով։ Եվ երջանիկ են բոլորը` խմբիշխանությունը, վերահսկիչ-խամաճիկ կառույցը և տեսաբան-հացկատակները։
ՈՒ դուք մեզ Դոն Կիխոտի և Համլետի հետ եք զուգորդում։ Մի՞թե երբևէ կանցներ ծանծաղամիտ հիդալգոյի և ազնվաբարո արքայազնի մտքով այն ամենը, ինչ սեփական ժողովրդի գլխին է բերում սեփական իշխանությունը։
Քարից հաց քամող ենք, խոսք չկա։ Ա՜յ, սա, իսկապես, մերն է։ Բուն հայկական։ Միայն թե քիչ այլափոխված նորանկախ ազատականության հովերով։ Մենք փող ենք «շինում» («Շինիչ ծրագրեր», կասեր նորանկախ հիմնադիրը) դիվային հնարամտությամբ, բոլշևիկյան խանդավառությամբ և գիմնազիստի ամոթխածությամբ։ Փողը «շինում ենք», մի փոքր շիկնում և հերթական դարակազմիկ վարկը մուրում։ Դե, քիչ հայավարի խոսենք. որ տալիս են, էդ ինչի՞ չվերցնենք։ Ասված է, չէ, դեռ «էն գլխեմե», չուտողի մալը ուտողին հալալ է։ Մենք, կներեք, ազատական ենք բառիս լայն ու խոր ենթադրություններով հանդերձ։ Ազատ, անկախ, խմբիշխանական Հայաստան։ Ազատագրեցինք, չէ՞, մեր տնտեսությունը տոտալիտարիզմի բիրտ ճանկերից։ ՈՒ հիմա ազգիս առաջապահ տղայքն իրենց ուսերին առան երկիր պահելու բեռը։ ՈՒ ներկրեցին մեր հանապազօրյա հացն ու դարդալամիշ ծխախոտը, տիրություն են անում գազին ու հանքային աղբյուրի ջրին։ Հետո յուրաքանչյուրն իր ուսերին նոր մի բեռ առավ, ազգային բարերարի բեռը։ Դզե՜ց...
ՈՒրեմն ո՞րն է այս պարագայում պետության գործառույթը։
Այ էստեղ արդեն ալքիմիայի ոլորտն ենք ներխուժում։ Պետության կազմում ամեն բան (անգամ հավկիթի արտադրությունն ու մածնի մերումը) մասնավորի տնօրինման ներքո է։ Միաժամանակ ազգային-ազատական չինովնիկությունը 2,5 անգամ ավելի է, քան տոտալիտար և վարչահրամայական Հայաստանում էր։ Դե էդքան մարդ հո պարապ թրև չի՞ գալու։ Ասել է թե` նաև ազգերի Գանդին ենք, Մայր Թերեզան։
Նաև անկախ ենք։ Նախկին կոմիտեական Աշոտ Մանուչարյանի ասուլիսը չլուսաբանվեց և ոչ մի հեռուստաէկրանից։ Ասում են` խստագույնս է վերահսկվում հայկական ազատ, անկախ, միացյալ էկրանի առ ու տուրը։ Դզե՜ց...
ՈՒ եթե ծուռ նստենք, շիտակ տանք-առնենք, զարմանահրաշ այլ եղելություններ էլ կարձանագրենք։ Ասենք, իրականում, քանի՞ օրինապահ կա ՕԵԿ-ում, հանրապետականների իշխանական զորախմբում ե՞րբ պիտի գույքագրում անցկացվի կամ, առհասարակ, ի՞նչ կկատարվի ԲՀԿ-ում, եթե գեղեցիկ մի օր կուսակցապետը թողնի քաղաքականությունը, համարելով, որ դա աշխարհիս ամենաանշնորհակալ գործն է։

Խաղադրույքներն աճի միտումներ են արձանագրում։ Քաղաքական հոգեորսությունը պահի հրամայականն է։
ՈՒ դեռ մենք ազգերի Դոն Կիխոտն ենք ու Համլետը։
Ո՛չ, սիրելիներս, մենք գերօլիգարխ Օնասիս ենք, գերբոլշևիկ Կամո և գերարկածախնդիր Միկիտան Սաքո։ Դե, քիչումիչ էլ, հասկանալի է, Գիքոր։
Մինչդեռ քաղաքական խաղադրույքները, իսկապես, աճի միտում են արձանագրում, կայունանում է հոգեորսության կուրսը։
Եվ ահա, ըստ ԱԺ մշտական` հերթական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի` դեռևս գների թանկացում չկա, չիք, նիխթ, նոու, ոչ։ ՈՒ թող ձեր բազմատանջ ականջը կանչի դարձյալ Հ. Հ., սակայն Լեդի և Ճոյտ։ Գոնե հանրությանը հոգեկան հիվանդի տեղ չէիք դնում։
Ճգնաժամից ցնցակաթվածի մեջ հայտնված հանրությանը շատ ավելի դյուրին է անդամագրելը։ ՈՒրեմն այսուհետ կայունության և առաջընթացի մի նշանակալից մասնիկն ես։ Թքած, թե դարձյալ կիսաքաղց ու մտամոլոր։ Մենք, կներեք, չէ՞ որ վաղվա Հայաստանն ենք կերտում։ Հանուն դրա արժե քիչումիչ կրտվել։
Մտավորական մի խումբ թռի-վռիներ վերջերս դարձան փառահեղ մի քաղմարմնի անդամ։ Նախընտրական տարում ՀՀ-ում այլևս չիք որևէ ընտանիք, ուր որևէ անկուսակցական անդամ կլինի։ Ահա սա է հայ ավանդական-ազատական ընտանիքի պատկերը։ Առնացի հայրը հանրապետական է։ Քնքշանվազ տանտիկինը, հասկանալի է` ՕԵԿ-ական, տան մանչը դաշնակ է, հարսը, հասկանալի է` «Ժառանգության» ժառանգորդուհին։ Հետո բոլորը միասնաբար խստագույնս հիասթափվում են ու անդամագրվում ՀԱԿ-ին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ